Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները կախված են այն հանգամանքից, թե արդյոք ամերիկյան կողմը կցանկանա Թուրքիայի իշխանություններին հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի իշխանությունները կասկածում են պետական հեղաշրջման կազմակերպման մեջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ակնհայտ է, որ հեղաշրջման փորձի ետեւում կանգնած էր Գյուլենի կողմնակիցների ահաբեկչական կազմակերպությունը… Մենք ԱՄՆ-ի համապատասխան հաստատություններին ենք փոխանցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ ապացույցները՝ նրան վտարելու եւ Թուրքիա վերադարձնելու պահանջներով»,- «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ «Թուրքիա Գյուլենի վերադարձը անչափ կարեւոր նշանակություն ունի», այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների համար: «Այժմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ԱՄՆ-ի իմիջը բացասական է: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, չնայած ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակում ենք, նրա դաշնակիցն ենք եւ ՆԱՏՕ-ի անդամ: Սակայն քանի դեռ Գյուլենը Թուրքիային չի հանձնվել, մեր ժողովրդի այդպիսի վերաբերմունքը (ԱՄՆ-ի նկատմամբ) կպահպանվի: Եթե նա չվերադարձվի, եւ մենք այդ մասին բացահայտ ենք հայտարարում, դա շատ բացասական ազդեցություն կունենա Ամերիկայի հետ մեր հարաբերությունների վրա: Սա ամենեւին սպառնալիք չէ, պարզապես հիմա այդպիսի մթնոլորտ է»,- նշել է Չավուշօղլուն:




























