ՁԻԱՀ-ի տարածումը թափ է հավաքում ոչ միայն Եկատերինբուրգում, Life-ին հայտնել է ՌԴ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին:
Նրա խոսքով՝ համաճարակն ամբողջ Ռուսաստանում է, սակայն միայն մեկ շրջանն է համարձակվել խոստովանել նա: «Ավելի շատ քաղաքների բնակիչներն են վարակված: Եվ այն շրջաններում, որտեղ քաղաքաբնակների թիվը գյուղաբնակներից մեծ է, վարակման տոկոսը բարձր է: Դրանք են Պովոլժիեն, Ուրալը, Սիբիրը»,- ասել է նա:
Նշենք, որ ըստ ՌԴ Առողջապահության նախարարության տվյալների՝ քաղաքացիների 1 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով: Իսկ 30-40 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը 2.5 տոկոս է: Օրական գրանցվում է առնվազն 270 նոր վարակման դեպք: Երկրում ամեն օր ՁԻԱՀ-ից մահանում է 50-60 մարդ:
Ավելի վաղ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ՄԻԱՎ-ի համաճարակ էր հայտարարվել, քանի որ արդեն յուրաքանչյուր 50-րդ բնակիչն այդ ինֆեկցիայով է վարակված: Եկատերինբուրգում գրանցվել է ՄԻԱՎ-ի 26693 դեպք, սակայն սրանք միայն պաշտոնապես հայտնի դեպքերն են:



























