Կորեայի Հանրապետության դատախազությունը կալանավորել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհի Չհվե Սուն Սիլին, որը խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր հայտնվել, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:
Հաղորդվում է, որ դատարանը կալանքի օրդեր էր տվել այն բանից հետո, երբ ստուգել էր դատախազության մեղադրանքները: Դատախազությունը ժամանակավորապես ձերբակալել էր նրան՝ մտավախություն ունենալով, որ Սիլը կարող է փախչել կամ ոչնչացնել կարեւոր ապացույցները:
Հաղորդվում է, որ Պակ Կըն Հեն մտադիր է ուղերձ հղել բնակչությանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կարող է ներողություն խնդրել եւ այդ գործով ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնել:
Չհվե Սուն Սիլը մեղադրվում է այն բանում, որ օգտագործել է իր ազդեցությունը՝ խոշոր հարավկորեական ընկերություններին ստիպելով մեծ նվիրաբերություններ կատարել իր հետ կապ ունեցող Mir եւ K-Sports ֆոնդերին: Հաղորդվում է, որ նա 53 ընկերություններից 72 մլն դոլար է ստացել, որոնց մի մասը ենթադրաբար օգտագործվել է արտասահմանում տուն գնելու եւ դստեր կրթության վարձը մուծելու համար:




























