Տասնյակ հազարավոր պահպանողական մուսուլմաններ դուրս են եկել Ջակարտայի փողոցներ, պահանջելով Ինդոնեզիայի մայրաքաղաքի նահանգապետի հրաժարականը ու նրա դեմ դատավարություն՝ այն կապակցությամբ, որ նա ենթադրաբար վիրավորել է հավատացյալների զգացմունքները։ Ցուցարարները հավաքվել են Իստիկլյալ մզկիթի մոտ ու երթով գնացել դեպի նախագահական նստավայր, հայտնում է BBC–ն։
Ոստիկանության խոսքով ցուցարարները մոտ 50 հազարն են։ Քաղաքային իշխանությունները փողոց են հանել 20 հազար փախստականների, վախենալով զանգվածային անկարգություններից։
50-ամյա Բասուկի Չախյա Պուրնաման, որը հայտնի է Սխոկ մականունով, երկու տարի առաջ դարձել է չինական ծագումով առաջին քրիստոնյան, որը ղեկավարում է բնակչությամբ աշխարհի ամենախոշոր մուսուլմանական երկրի ամենախիտ բնակեցված սուբյեկտը։ Ինդոնեզիայի 250 մլն քաղաքացիներից էթնիկ չինացիները կազմում են 1 տոկոս։ 2017-ի փետրվարին Պուրնաման մտադիր է երկրորդ ժամկետով առաջադրվել։
Պահպանողական մուսուլմանները համարում են, որ ըստ Ղորանի իրենց արգելված է ապրել ոչ մուսուլմանի ղեկավարության ներքո, սակայն ոչ բոլոր մուսուլմաններն են համաձայն այդ մեկնաբանությանը։ Նահանգապետն իմանալով այդ մասին՝ վերջին հեռուստահարցազրույցում ասել է, որ փորձելով Ղորանի այդ կետն իր դեմ օգտագործել՝ մարդիկ կեղծավորություն են անում, եւ դրանով առաջացրել է այդ մուսուլմանների վրդովմունքը։ Ոմանք ոստիկանություն են դիմել ՝ գանգատվելով նահանգապետից ու հիմա դատախազությունը ստուգում է այդ գանգատները։




























