Անկարան հիստերիայով է արձագանքում Բեռլինի քննադատությանը։ Ըստ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու մյուս գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունները միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոր մտահոգություն էր հայտնել Թուրքիայի Cumhuriyet գլխավոր ընդդիմադիր թերթի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ ՝ ասելով, որ խոսքի ազատությունը կենտրոնական դեր է կատարելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններում։
«Գերմանիայի կանցլերը ու այդ երկրի կառավարության մյուս ներկայացուցիչները ՝ այդ թվում արդարադատության նախարարը իրենց պարտականությունն են համարում Թուրքիայում դատական բոլոր գործերի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտել․․․ Կարծես նրանք մոռանում են, որ Թուրքիան անկախ, ինքնիշխան պետություն է, ինչպես եւ Գերմանիան։ Նրանք իրավունք չունեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին։ Նման իրավունք չունի աշխարհի ոչ մի երկիր»,- մեջբերում է Թուրքիայի արդարադատության նախարարին «Անադոլու» գործակալությունը։
Բոզգաղի խոսքով Թուրքիայի դատական համակարգը «անկախ ու անաչառ է» ու «Բեռլինում պետք է հասկանան դա»։ «Ոչ Գերմանիայի կանցլերը, ոչ եվրահանձնակատարները իրավունք չունեն խրատել Անկարային։ Մենք բաց ենք ցանկացած հիմնավորված, անկախ ու օբյեկտիվ քննադատության համար։ Բայց մենք չենք հանդուրժի կողմնապահ հայտարարություններ Անկարային հասցեին, որոնց հիմքում ահաբեկիչների կողմնակիցների հաշվետվություններն են»,- հավելել է Բոզդաղը։




























