Սփյուռքի նախարարության ծրագրերը, ելնելով 2017-ի պետական բյուջեի նախագծի պահանջներից, կարելի է 7 ուղղության բաժանել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը 25 ծրագրեր կիրականացնի: «Առաջին ուղղությունը, բնականաբար, առնչվում է հայության պահպանմանը… Նախագծերը վերաբերում են հայերենի արագացված ուսուցմանը, հայերենով հեռուստադպրոցներին, ուսուցիչների վերապատրաստմանը, նաեւ 1004 դպրոցներին դասագրքերով ապահովելուն»,- նշել է Հակոբյանը:
Հարցերի երկրորդ խումբը վերաբերում է երիտասարդությանը. մասնավորապես հայրենիքը ճանաչելու խնդիրներին, Հայաստանում հանգստի կազմակերպմանը, «Արի տուն» ծրագրերին, երիտասարդական կազմակերպությունների ստեղծմանը:
«Հարցերի երրորդ խումբը վերաբերում է տարածաշրջաններին. մենք առանձին ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը վերաբերում է մերձավոր սփյուռքին, երկրորդը՝ Լատինական Ամերիկայի եւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, երրորդ ծրագիրը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության տարածքին: Հարցերի չորրորդ խումբը վերաբերում է մեր պոտենցիալ հայրենակիցների հայտնաբերմանը: Այստեղ մենք նախատեսում ենք «մեկ պատուհանի» սկզբունքը՝ մեր երկրում բիզնես հիմնելուն աջակցելու նպատակով»,- ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով՝ հարցերի 5-րդ խումբը առնչվում է սիրիահայերի ինտեգրման ծրագրերին: «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը եւ բնակարանային հարցը շարունակում են խնդիր մնալ: Իհարկե, ոչ ոք փողոցում չի մնում, մենք լուծում ենք մոտ 600-1000 սիրիահայերի վարձավճարների խնդիրը: Փորձում ենք նրանց համար աշխատանք գտնել, օգնել, որպեսզի նրանք բիզնես ծրագրեր պատրաստեն, ստանան արտոնյալ վարկեր»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարն ասել է, որ հարցերի 6-րդ խումբը վերաբերում է հեռուստատեսությանը, բարձր տեխնոլոգիաների միջոցով սփյուռքի հետ աշխատանքին: «Հարցերի 7-րդ խւմբը, բնականաբար, վերաբերում է Հայկական հարցին: Ակնհայտ է, որ Հայկական հարցի մի մասը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հայ պետք է մտածի այն մասին, թե ինչպես օգտակար լինի Լեռնային Ղարաբաղին:




























