ԱՄՆ իշխանությունները մտահոգված են Թուրքիայում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության պատճառով: Այս մասին ասել է պետքարտուղարի օգնական Թոմաս Մալինովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդներին»,- գրել է նա Թվիթերում: Մալինովսկին նշել է, որ ընտրովի պաշտոնյաների նկատմամբ գործողություններ իրականացնելիս ժողովրդավար իշխանությունները պետք է իրենց քայլերի իրավաբանական արդարացման համար բարձր պարտավորություններ ունենան:
Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում որպես Թուրքիայի ընկեր եւ դաշնակից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանները ձերբակալել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեդաղին եւ 9 քուրդ պատգամավորների:




























