Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վերադասավորություններ է կատարել կառավարությունում: Իրենց տեղերն են պահպանել ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը եւ ֆինանսների նախարար էվկլիդես Ցակալոտոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիմնականում իրենց տեղերը պահպանել են այն նախարարները, որոնք կապ ունեն միջազգային վարկատուների հետ բանակցությունների հետ: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ֆինանսների նախարարին եւ նրա տեղակալ Յորգոս Հուլիարակիսին: Փոխվարչապետ Յաննիս Դրագասակիսը նույնպես պահպանել է իր պաշտոնը:

Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Պանոս Սկուլետիսը ղեկավարել է ՆԳՆ-ն: Միգրացիոն քաղաքականության նախարար է դարձել Յաննիս Մուզալասը:

Ցիպրասի մերձավոր համախոհ Նիկոս Պապպասը ստանձնել է Թվային քաղաքականության նորաստեղծ նախարարության ղեկը եւ կլինի լրատվամիջոցների աշխատանքի պատասխանատուն:

Կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել Դիմիտրիս Տզանակոպուլոսը:

Կաբինետի մի շարք անդամներ փոխվել են պաշտոններով:

Աշխատանքից ազատվել է կրթության, գիտական հետազոտությունների եւ կրոնի նախարար Նիկոս Ֆիլիսը, որի գործունեությունը հասարակության շրջանում բողոք էր առաջացրել: