Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ նոր ճանապարհների կառուցման շնորհիվ աշխուժանում է հայաբնակ Ջավախքի տարածաշրջանը:

«Այդ մարդիկ ամբողջությամբ կտրված էին մնացած Վրաստանից: Առաջ նրանց համար ավելի հեշտ էր Երեւան հասնել, բոլոր մթերքները գնում էին Հայաստան, այդ մարդիկ վրացերեն սովորելու կարիք չունին, եւ ուստի այդ ամենը նաեւ քաղաքական ասպեկտ ուներ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը կառավարության անդաների հետ հանդիպմանը:

Շնորհիվ Ջավախք-Թբիլիսի նոր ճանապարհի Վրաստանի մայրաքաղաքի շուկաներում պանրի նոր տեսակներ են հայտնվել: Բացի այդ, տարածաշրջանում ընդհանուր նախագծերի վրա համերաշխ աշխատում են հայերն ու ադրբեջանցիները, ու, ինչպես նշել է Սահակաշվիլին, «նրանք հրաշալի փոխգործակցում եւ համագործակցում են», հաղորդում է Ռոսբալթը:

Վրաստանում ճանապարհների շինարարության շնորհիվ բետոնի արտադրության 36 եւ ասֆալտի արտադրության 32 նոր ձեռնարկություններ են հայտնվել: