Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է Կորեայի ժողովրդական բանակի թիվ 525 զորամասում տեղակայված հատուկ նշանակության ուժերի գումարտակի մարզումները: Կորեայի հեռագրական կենտրոնական գործակալությունը հայտնել է, որ ստորաբաժանման հիմնական առաքելությունը «դավաճանություն գործած մարդկային թափթփուկների ոչնչացումն է, որոնք կարեւոր պաշտոններ են զբաղեցնում Հարավային Կորեայի նախագահական պալատում, խամաճիկային կառավարությունում եւ ռազմական կառույցներում»:
Կիմ Չեն Ընը հատուկջոկատայիններին գովաբանել է զորավարժությունների հաջող անցկացման համար, որոնց ընթացքում մարզվել են թիրախի խոցման եւ ուղղաթիռից դեսանտ իջեցնելու ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ «յուրաքանչյուր մարտիկ ընդունակ է դիմակայելու 100 հակառակորդի»: Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի՝ «Մեկը 100-ի դեմ» կարգախոսը նշանակում է Կորեայի ժողովրդական բանակի մարտիկների ռազմական եւ քաղաքական բարձր աստիճանի պատրաստվածություն:




























