WikiLeaks պորտալի տեղեկատու Չելսի Մենինգը, որը Թեքսասի բանտում 35-ամյա պատիժ է կրում ԱՄՆ-ի պետական գաղտնիքները հրապարակելու համար, դարձյալ փորձել է իր կյանքին վերջ տալ: Այս մասին հայտնել են նրա պաշտպանները:
Նրանց պնդմամբ՝ այդ քայլի պատճառ կարող էին լինել բանտի պայմանները, փոխանցում է BBC-ն:
Հուլիսին Չելսին արդեն կատարել էր ինքնասպանության փորձ: Դա նրան առանձին խուց տեղափոխելու առիթ էր դարձել: Դրանից զատ, նա կարգապահական տույժ է ունեցել արգելված գրականություն պահելու համար՝ նախկինում նրա մոտ հայտնաբերվել է Գաբրիելա Քոուլմանի «Hacker, Hoaxer, Whistleblower, Spy» գիրքը, որը նվիրված է Anonymous-ի համացանցային ակտիվիստների շարժմանը:
Չելսի Մենինգը, որը նախկինում հայտնի էր Բրեդլի Մենինգ անունով, 2013 թվականից բանտարկված է:
2014 թվականին դատարանը բավարարել է շարքային Մենինգի խնդրանքը՝ իր տղամարդու Բրեդլի անունը կանացի Չելսիի փոխելու մասին, իսկ 2015 թվականին տրանսգենդեր զինվորին թույլ են տվել հորմոնալ թերապիայի կուրս անցնել:




























