Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի լսել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը, թե ինքը չի զբաղվում մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով: 

«Ես չեմ լսել իր խոսքը: Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լեւոնին ճանաչում եմ լավ, նրան համարում եմ բարոյական մարդ, համարում եմ նրան պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն եւ ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- այսօր` նոյեմբերի 5-ին, Արցախ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը` հավելելով, որ ինքը չի հավատում, որ Լեւոն Ալթունյանն այդպես մտածում է եւ այդպես ասել է:

Վարչապետը նշել է նաեւ, որ ինքն առավոտյան անձամբ է խոսել Ալթունյանի հետ այս խնդրի մասին: Նշենք, որ Կարեն Կարապետյանն ու Լեւոն Ալթունյանը մտերիմ ընկերներ են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր,, որ չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների մահվան դեպքերով և պարզել պատճառները։

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։  Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»,- ասել էր նախարարը: