Պաշտոնական 5-օրյա այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ մասնակցել է Թուրք-գերմանական համալսարանի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի նախագահը Թուրք-գերմանական համալսարանի հիմքի առաջին քարը տեղադրելուց հետո հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է, թե այս համալսարանը թուրք-գերմանական համագործակցության շատ կարեւոր տարրերից մեկն է լինելու։

Գերմանիայի նախագահը եւ իր տիկինը Թուրքիայի այցելության վերջին օրը այցելել են նաեւ Ստամբուլի հունաց պատրիարքարան,  եղել Ստամբուլի հայտնի Սուլթանահմեդ մզկիթում եւ մասնակցել Թուրքիայի նախագահի կողմից տրված պաշտոնական ճաշկերույթին։

Նշենք, որ Գերմանիայի նախագահը 5-օրյա այցի ընթացքում եղել է Անկարայում, Ստամբուլում, Տարսոնում եւ Ադանայում։  Վուլֆը Տարսոնում գտնվող Սուրբ Պողոս եկեղեցում պատարագի է մասնակցել։

Առավել տպավորիչ է եղել Գերմանիայի նախագահի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ նա ակնարկել է հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, թե պետք է բացել հայ-թուրքական սահմանները, սակայն առանց արհամարհելու պատմական վիճելի խնդիրները։