ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար եւ վստահություն հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել եւ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում:

Կարեւորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաեւ արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարեւելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, եւ Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ եւ բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ:

ՀՀ նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում եւ փոխգործակցության լավագույն օրինակներից են:

Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել եւ ամրապնդել:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորելով Ծոցի երկրների հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարեւորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան եւ այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի եւ տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման եւ հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաեւ զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Ֆլայ Դուբայ ավիաընկերության դեպի Երեւան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

ՀՀ նախագահը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ անվտանգության բնագավառում համագործակցության եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաեւ փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի եւ աղետների կառավարման ազգային վարչության միջեւ արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջեւ` Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ ներդրումային եւ բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ Նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ: