ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Հայաստանի դեմ Դավիթ Ավետիսյանի գործով:

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ  Դավիթ Ավետիսյանի՝ որոշելով, որ խախտվել են արդար դատավարության իրավունքի մասին Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետերը: Մասնավորապես, Ավետիսյանը հնարավորություն չի ունեցել մեղադրող կողմի վկաներին հարցեր տալ իր դեմ դատավարության ընթացքում:

Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը պետք է Ավետիսյանին 2400 եվրո վնասի փոխհատուցում վճարի եւ 500 եվրո էլ դատական գործընթացների համար:

2009-ի ապրիլին Ավետիսյանն ու նրա ընկերը 2 այլ քաղաքացիների հետ այցելել էին բանտում գտնվող ընդհանուր ծանոթին: Նրա ընկերն ու ուղեկիցները տորթ էին գնել, որը տարել էին բանտարկյալին: Ավելի ուշ Ավետիսյանին մեղադրել էին թմրանյութ օգտագործելու եւ մատակարարելու մեջ, որը գտել էին տորթում: Նրան 5.5 տարվա բանտարկության էին դատապարտել: Մեղադրական վճիռը կայացվել էր 3 անձանց վկայությունների հիման վրա, որոնք ուղեկցել էին նրան, եւ որոնց հարցաքննել չէր հաջողվել: