Հերյուրանք, զրպարտություն եւ շանտաժ, այսպես է գնահատում իր դեմ սկսված արշավը Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, որն անձամբ է դիմել գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու խնդրանքով։

Պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը «Առավոտ» օրաթերթին նամակ է գրել, որտեղ Պալատի նախկին նախագահին մեղադրել է ֆինանսական չարաշահումների մեջ։

«2014 թվականի մարտի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրամանով պալատում կատարված ֆինանսական ստուգմամբ արձանագրվել է 35 միլիոն ՀՀ դրամի պակասորդ: 28.08.2014 թվականին կազմվել է ստուգման ակտ, իսկ հետագայում, բազմաթիվ բողոքներից հետո, պալատում կատարվեց վերստուգում, եւ ստուգմամբ արձանագրվեց 97 միլիոն դրամի պակասորդ եւս»,- գրել է նախկին հաշվապահը:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Սահակյանը նշեց, որ իրոք հայտնաբերվել է պակասորդ։ «Ստուգման տվյալները որքանով են ճիշտ, չեմ կարող ասել, որովհետեւ դա պրոֆեսիոնալ ստուգում չի եղել։ Ամեն դեպքում, եթե կա պակասորդ եւ, ըստ Պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանի, իբր դա կատարել է Սահակյան Ռուբենը։ Իհարկե, ես համաձայն չեմ այդ հերյուրանքի, զպարտանքի հետ, անմիջապես դիմեցի գլխավոր դատախազություն»,- նշեց Ռուբեն Սահակյանը եւ հավելեց. «Խնդրանքս հետեւյալն էր՝ քանի որ այդ հրապարակումներում անհարկի արծարծվում է իմ անունը, դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով «հրապարակման մեջ արծարծված հարցերի կապակցությամբ հանձնարարել ձեռնարկել համապատասխան միջոցներ, նյութեր նախապատրաստելու եւ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցել»։ Տեղյակ եմ, որ հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի հափշտակության համար պատասխանատվություն ենթադրող հոդվածով»։

Ռուբեն Սահակյանը նախկին հաշվապահի հայտարարությունները շանտաժ է համարում։ «Սա իմ կարծիքով շանտաժ է, որ ինչ-որ ձեւով չկորցնեն բնակարանը, որը իրենք վաղուց վաճառել են»,- նշեց նա։

ՓՊ նախկին նախագահը համոզված է, որ հրապարակումների ետեւում մարդիկ կան, սակայն առայժմ չի կարող ասել՝ ովքեր են։ «Հենց միայն «Առավոտ» թերթի հրապարակումից որոշակի հարցեր են առաջանում, բայց քանի որ դրանց 100 տոկոսանոց պատասխանը չունեմ, չեմ ուզում արտահայտվել»,-  նկատեց նա։

Ռուբեն Սահակյանը առաջիկայում ցուցմունք է տալու, նաեւ ակնկալում է Կարինե Սարգսյանի ցուցմունքը։ «Նա է ինձ ամբաստանում հանցանք կատարելու մեջ։ Եթե ամբաստանում է, ապա թող ասի, ինչ եմ կատարել, որպեսզի ես իմանամ՝ ինչից պաշտպանվել»,- նշեց նա։