Ես պատրաստ եմ քննարկել բանակի ֆինանսավորման նոր աղբյուրների մասին առաջարկները: Այս մասին նոյեմբերի 11-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:
Իր ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ պաշտպանության համար պետք է հատկացնել այն ավելորդ ծախսերը, որոնք իրեն թույլ է տալիս պետական ապարատը, եւ «օդից եկամուտը», ինչպիսին է վճարովի կայանատեղիների գումարը: «Այդ վճարովի կայանատեղիների եկամուտները պետք է ոչ միայն ուղղել բյուջե, այլ հատկացնել բանակի կարիքներին: Այդ ժամանակ մարդիկ գոնե կհասկանան, թե ինչի համար են վճարում: Ես էլ չեմ ասում բազմաթիվ պաշտոնյաների մասին, որոնք մեր հաշվին թանկարժեք մեքենաներով են երթեւեկում»,- ընդգծեց Մարուքյանը:
Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պատրաստ է քննարկել նման առաջարկները: «Մենք գիտենք, որտեղ եւ ինչի վրա կարող ենք տնտեսել, որպեսզի մեր բանակն ավելի լավ ֆինանսավորվի: Բայց եթե Դուք ձեր գաղափարները կարող եք առաջարկել, մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,- ասաց նախարարը:



























