Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երեւանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը ձեռք են բերել կայուն եւ դինամիկ բնույթ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաեւ բազմակողմ ձեւաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետեւողական խորացման կարեւորությունը:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երեւանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու եւ արդյունավետ քննարկումների համար: Նա ՀՀ Նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը: Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձեւաչափով արել եւ անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը:





























