Բանակի կենտրոնական մարզական ակումբում նոյեմբերի 12-ին կայացել է ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 7-ից 12-ն անցկացված համաբանակային սպարտակիադայի ընթացքում զինված ուժերի զինծառայողները մրցել են հրաձգություն, ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, բազկամարտ եւ կշռաքարերի բարձրացում մարզաձեւերում։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ռազմամարզական միջոցառմանը մասնակցել են նաեւ ՊԲ զինծառայողները:
Սպարտակիադայի փակման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Շնորհավորելով սպարտակիադայի մասնակիցներին ռազմամարզական միջոցառման ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերելու առթիվ` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սպարտակիադայի նպատակն է առավել բարձրացնել զինծառայողների ֆիզիկական պատրաստության եւ մարզական վարպետության մակարդակը, բացահայտել բանակի լավագույն մարզիկներին, որոնց հենքի վրա էլ ձեւավորվում են ՊՆ հավաքական մարզական թիմերը: Թիմեր, որոնք տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում իրենց փայլուն հաղթանակներով ծածանում են հայկական եռագույնը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նաեւ փաստել է, որ մարզված եւ սպորտային բարձր ցուցանիշներ գրանցող զինծառայողը զինված ուժերի մարտունակության գրավականն է:
Համաբանակային սպարատակիադայի դրոշի հանդիսավոր իջեցման պատիվը վերապահվել է ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանին, ով ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իր ստորաբաժանման կազմով դիմակայել է հակառակորդի առաջխաղացմանը եւ լռեցրել հրետանային ստորաբաժանումների կրակը, ինչպես նաեւ վնասազերծել է հակառակորդի ուղղաթիռը եւ այն վթարային վայրէջքի հարկադրել:
Միջոցառումը եզրափակվել է առանձին մարզաձեւերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների եւ ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող ճանաչված թիմերի պարգեւատրման արարողությամբ: Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային գավաթների են արժանացել երրորդ հորիզոնականը զբաղեցրած Երեւանի կայազորի զորամասերի հավաքականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հավաքականը եւ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմը:



























