Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյանները, որոնք ժամանակավորապես բնակվում են Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում, հուսով են, որ մինչեւ Նոր տարի նոր բնակարան կունենան: NEWS.am-ի հետ զրույցւոմ ընտանիքի հայրը՝ Կամոն, նշեց, որ բարերարը, որը չի ցանկացել ներկայանլ, արդեն մի քանի անգամ զանգել է իրենց եւ ասել, որ մինչեւ Նոր տարի ընտանիքին անակնկալ է սպասվում:
«Կնոջս հետ է խոսել եւ ասել, որ մինչեւ նոր տարի շատ լավ բան է լինելու, չի մանրամասնել, ասել է՝ կլինի կտեսնեք: Մենք էլ մտածում ենք, որ տան մասին է խոսքը, որովհետեւ այն ինչի կարիքը մենք հիմա շատ ունենք, բնակարանն է»,-ասաց նա:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 19-ին, ոստիկանները փորձել են տունը կորցրած, երեք անչափահաս երեխաներ ունեցող Շահբազյաններին հեռացնել այն տարածքից, որտեղ ընտանիքը ժամանակավորապես ապրում է:
Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում բնակվող Շահբազյանների 5 հոգանոց ընտանիքին սեպտեմբերի 29-ին կրկին փորձել էին բռնի ուժով դուրս հանել տարածքից, որի հետեւանքով Երեւանյանի հիվանդությամբ տառապող 10-ամյա Սարգիսը վախեցել էր:
Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:




























