Վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարծում, որ Մշակույթի նախարարությունը եկեղեցիները վերանորոգում է առանց հոգեւորականների հետ նախապես քննարկելու։ Նոյեմբերի 11-ին Դիլիջանում հրավիրված խորհրդակցության ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի եկեղեցի է վերանորոգում եւ արդյունքում իհարկե դրանից եւ ոչ մեկի նորոգման աշխատանքներն ավարտին չի հասցնում։
«Դրամը չի բավականացնում, պարոն վարչապետ»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ դիմելով վարչապետին։ Կարեն Կարապետյանին այս հարցադրումը զարմացրեց։ «Եկեղեցին չի կարո՞ւմ մշակույթի նախարարությանն ասի՝ տասը մի վերանորոգեք, երկուսն արեք։ Դուք ասում եք, իրենք չեն անո՞ւմ․ մենք կամայական քաղաքացու կարծիքը պատրաստ ենք լսելու, նամանավանդ եկեղեցու, որի վերանորոգումը մշակույթի նախարարությունն անում ա։ Չեմ կարծում, որ մեր նախարարությունն առանց ձեզ հետ խորհրդակցելու, մտնում, անում ա: Եթե անում են, անհեռատես են, եթե դուք միջամտում եք, ձեզ չեն արձագանքում, ուրեմն Աստծուց չեն վախենում։ Չեմ կարծում, որ դուք դիմեք, ձեզ չեն արձագանքի։ Եթե չարձագանքեն, ուրեմն առյուծի սիրտ են կերել»,- ասաց վարչապետը։
Տեր Բագրատը նշեց, որ ինքն այդ հարցով դեռեւս նախարարությանը չի դիմել, սակայն նոյեմբերի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպում ունի, որի ընթացքում նաեւ հենց այդ հարցն է քննարկվելու։ «Նախապես պարոն Ամիրյանին լրագրողների միջոցով պատրաստում եք»,- կատակեց Կարեն Կարապետյանը։



























