Ադրբեջանցի չինովնիկը, որը հիրավի փառավորվել է Կոլումբիայի դրոշի նկատմամբ «ջախջախիչ հաղթանակով», անհավանական ջանքեր է գործադրում այդ կոնֆուզը հարթելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի պետական դրոշի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին, Դաշկյասանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ախադ Աբիեւը ուշադրություն էր գրավել՝ բռունցքով կոտրելով Կոլումբիայի դրոշի մակետը՝ կարծելով թե դա Հայաստանի դրոշն է։ Այդ վարքագիծը բուռն արձագանք էր առաջացրել սոցցանցերում։

Իրեն արդարացնելու նպատակով ադրբեջանցի չինովնիկը հարցազրույց է տվել «Ենի Մուսավաթ» թերթին ու պարզաբանել դեպքը։

Պարզվել է, որ հայերը, որոնք «տառերը գողացել են Հնդկաստանից», «դրոշն էլ Կոլումբայից են գողացել»։ Չինովնիկի կարծիքով իր նկատմամբ ծաղրանքները պայմանավորված են նրանով, որ Բաքվում կան հայկական ծագումով անձինք, որոնք գործում են հօգուտ հայերի, պաշտպանում նրանց դիրքորոշումները։ Անհրաժեշտ է բացահայտել այդ մարդկանց»։

«Ես այնպես եմ ատում այդ հայերին»,- խոստովանում է Ախադ Աբիեւը։