2008 թվականի մարտից հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի, «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեջ, քիչ առաջ դուրս է եկել ընդհատակից եւ կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին: Նա ներկայացել է Գլխավոր դատախազություն եւ ներկա պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ, մարտի 1-ի գործով խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, Սուքիասյանը ինքնակամ ներկայացել է գլխավոր դատախազություն, որտեղ գտնվում է հատուկ քննչական ծառայությունը: Նրա խոսքով, այս պահին արդեն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիս ամսին գործարար պատգամավորը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ բացի այդ զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ ՀՀ ում կգտնվի որեւէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որեւէ փաստ: Ավելին, ինձ ու իմ ընկերներին մեղադրանք առաջադրելով, ապա նաեւ համաներում հայտարարելով, իշխանություններն, ի վերջո ապացուցեցին, որ այս ամբողջ ժամանակ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացրել»: Սուքիասյանը նաեւ նշել էր, որ իշխանությունները չեն կատարել ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջները, որտեղ կոչ էր արվում չձերբակալել ընդհատակից կամավոր դուրս եկող ընդդիմաթյան ակտիվիստներին: