Երեւանի Լենինգրադյան 4-րդ շենքի խմելու ջրի հիմնական խողովակը վթարվել է, իսկ «Երեւանջուր» ընկերության աշխատակիցներն առավոտից հրաժարվում են գալ եւ վերանորոգել այն: Այս մասին պատմեցին NEWS.am-ի խմբագրություն ահազանգած բնակիչները:
«Առավոտից ջուր չունենք, ժամը 9-ից զանգում ենք բոլորս, ասում ենք` եկեք, տեսեք, ինչ խնդիր կա: Օպերատորը սկզբում մեզ պատասխան տվեց, թե իրենց կողմից ջրանջատում չկա, հետո էլ երբ մենք բացեցինք էն տեղը, որտեղից ընդհանուր շենքի ծմելու ջուրն ա գալիս, պարզվեց` վթար է տեղի ունեցել: Նորից զանգեցինք, մեզ պատասխանեցին, թե համատիրությանը դիմեք, բայց համատիրությունը որեւէ կապ սրա հետ չունի»,- պատմեցին բորբոքված բնակիչները:
«Երեւանջուր» ընկերության աշխատակիցները տասնյակ զանգերից հետո միայն խոստացել են գալ եւ վերանորոգել խողովակը, սակայն ժամը 17:00-ի դրությամբ դեռ ոչ ոք չէր եկել:
«Ասում ենք` համար տվեք, մենք զանգենք էդ աշխատողներին, կամ թե ղեկավարներից մեկին, չեն տալիս, ասում են` մեր պարտականությունն է խնդրի մասին փոխանցել աշխատողներին ու վերջ: Բարձիթողի վիճակ է… մարդիկ 7-8 ժամ է ջուր չունեն, վթարված խողովակից ջուրը լցվում է շենքի տակ, իսկ իրենց հեչ պետքը չի»,- ասացին բնակիչները:
.jpg)
.jpg)
.jpg)




























