Բոլոր զոհերին եւ պատերազմի հաշմանդամներին օգնելու համար Հայաստանում անհրաժեշտ կլիներ 100 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության դեպքում ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկման ժամանակ: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի: Առաջարկվում է օրենքը գործարկել 2017 թվականի հունվարի 28-ից՝ Զինված ուժերի 25-ամյակին:

Այս կապակցությամբ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց՝ կարելի՞ է օրենքը տարածել պատերազմում բոլոր զոհվածների եւ հաշմանդամների վրա: Նախարան ի պատասխան նշեց, որ դրա համար անհրաժեշտ կլիներ մոտ 100 մլրդ դրամ՝ նրանց եւ նրանց հարազատներին միայն միանվագ նպաստներ տրամադրելու նպատակով: «Այդ նպատակով աշխատավարձից ոչ թե 1, այլ 25 հազար դրամ պետք է վճարվի»,- հավելեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: