Հանրային դժգոհության թիվ մեկ խնդիրն անվստահությունն է, այստեղ շատ ավելի կարեւոր մի բան կա․ սա ապօրինի, անօրինական գաղափար է հենց վերեւից։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին «ՄեդիաԿենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով «1000 դրամ բանակին» նախաձեռնությանը։

Ըստ Խառատյանի, աշխատավարձը աշխատող մարդու մասնավոր ֆինանսական սեփականությունն է, որի նկատմամբ որեւէ իրավունք չի կարող ունենալ ուրիշը, բացի հենց իրենից։ «Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում։ Գումարի չափը կապ չունի, ում համար է այն ուղղվելու։ Եթե պետությունն իսկապես դիմեր բնակչությանը, քանի որ կարիքն ուներ, ուրիշ է, քան պարտադրված վերցնելը»,- նշել է նա։

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ պնդում է, թե նախագիծը բխում է օրենքի դրույթներից, օրինախախտում չկա։ «Սա ապահովագրական ֆոնդ է եւ իրականացվելու է այն աշխատողների միջոցով, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձից բարձր։ Որեւէ առնչություն չունի սա այն փաստի հետ, թե կամավորության սկզբունքով որքան գումար կարող են հատկացնել 1000 դրամից ավելի։ Սա ազգ- բանակ ճանապարհի առաջին քայլն է։ Այստեղ պարտադրանքի միտում չկա, բարոյականի միտում կա․ ազգ- բանակ գաղափարն իրականություն դարձնելուն է սա ուղղված»,- ընդգծել է Մելիքյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ կարծում է, թե սա այնքան զգայուն թեմա է, որ դրա դեմ խոսելով հայրենասիրական արշավ կարող է սկսվել։ «ՀՀ քաղաքացին երկու պարտականություն ունի․ հարկեր, տուրքեր վճարել եւ բանակում ծառայել, իսկ մնացածն իր իրավունքներն են։ Այսինքն բարեգործություն անե՞լն էլ է պարտականություն»,- հարցադրում է արել նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: