Վաճառեք հարկային ծառայության հանգստի համալիրը եւ հավաքված միջոցները տրամադրեք պաշտպանության կարիքներին: Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության դեպքում ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկման ժամանակ: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի: Մարուքյանի խոսքով՝ դրա փոխարեն ավելի լավ է վաճառել հանգստի համալիրը, որը Դիլիջանում կառուցել է Պետեկամուտների կոմիտեն, իսկ ստացած գումարը փոխանցել այդ հիմնադրամին:
Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ այդ հիմնադրամին կարելի է փոխանցել Երեւանի վճարովի ավտոկայանատեղիներից ստացվող եկամուտները: «Հազարական դրամով դուք տարեկան 4-5 մլրդ դրամ կհավաքեք, իսկ միայն այդ կայանատեղիներից կստանաք 15-20 մլրդ»,- նշեց Սարգսյանը:
Ի պատասխան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պատրաստ է հիմնադրամ լրացուցիչ մուտքերի վերաբերյալ ցանկացած առաջարկ լսել:




























