Ապրիլյան պատերազմից հետո բանակի ցանկացած խնդրի լուծում շատ արագ է արվում եւ այդպես էլ պետք է շարունակվի: Այս մասին նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «1000 դրամ բանակին» աղմկահարույց նախաձեռնությանը:

«Ստացվում է այնպես, որ մենք այս նախաձեռնության ձեւին դեմ ենք, բայց բովանդակությանը դեմ չենք ու ձեւի պատճառով ռազմավարական այս խնդիրը պետք է չլուծենք: Այն դեպքում, երբ գիտակցում ենք, որ ապրիլից հետո բանակի ցանկացած խնդրի լուծման հարց շատ արագ է դրվում եւ այդպես էլ պետք է շարունակվի: Նույնիսկ եթե բանակում իդեալական կառավարման խնդիր դնենք, որ ոչ մի մատակարար, ոչ մի գեներալ չարաշահում չիրականացնի, ապա իհարկե, միջոցներն այս խնդիրը լուծելու համար չեն բավականացնի: Ո՞վ ասեց, որ բանակում այսօր ամեն ինչ իդեալական է ու մնացել է միայն այս խնդիրը: Բանակում անվստահության առիթներ կան, բայց ֆեյսբուքյան իրականության մեջ անհիմն բազմապատկվեցին դրանք: Երկրում մուլտիմիլիոնատեր գեներալներ ընդհանրապես չկան, ես սա պաշտոնապես եմ ասում, այս խոսակցությունները ստեղծվել են ֆեյսբուքյան իրականությունում: Կարծում եմ, որ այս պահին հիմնադրամի առաջարկված կառավարման թափանցիկությունը շատ լավն է, սրանից լավ տարբերակ ես չեմ պատկերացնում: Ես ոչ միայն ներկայացնում եմ գերատեսչությունը, այլ նաեւ այն տղաներին, որոնք խրամատում կանգնած են եւ հավատում են այս նախաձեռնությանը»,-ասել է նա:

 Արծրուն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ «1000 դրամ բանակին» նախաձեռնությունը կարող է նաեւ լուրջ գրավչություն լինել պայմանագրային զինծառայողներին զինված ուժեր ներգրավելու առումով։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ այսօր չկա ազգ-բանակ վստահություն, որը շատ կարեւոր է. «Այդ վստահությունն օրենքներ ընդունելով եւ պարտադրելով չի առաջանում, պետք է այլ մեթոդներով դրանք առաջանան, եւ այդ ժամանակ հասարակությունը կսկսի իր նախաձեռնությամբ վճարումներ անել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: