«Ալյանս» կուսակցության արդեն նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է մեկնաբանել փոխնախագահ Սարգիս Հարությունյանի՝ խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտվելու մասին լուրը։

«Կուսակցությունն ունի 7 փոխնախագահ։ Աբդուլլահ Օջալանն էլ է դատապարտվել ու բազմաթիվ այլ մարդիկ տարբեր ժամանակներում»,- NEWS.am–ին ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Հարությունյանը 2013թ. օգոստոսին նախնական համաձայնության է եկել Արմեն Բաղդֆասարյանի հետ եւ խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4 մլն 731 հազար դրամին համարժեք 8 հազար 8 հարյուր եվրո։

2015թ․ դեկտեմբերին Հարությունյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ։ Վերջինս մերժել է բողոքը եւ հոկտեմբերի վերջին վճիռը մտել է ուժի մեջ։