Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը կարգադրել է արգելել սալաֆիական ուղղվածության «Ճշմարիտ կրոն» իսլամական միավորման գործունեությունը եւ նրա կողմից Գերմանիայի քաղաքների փողոցներում կազմակերպվող Ղորանի տարածման ակցիաները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում: 

Մեզյերը նշել է, որ կազմակերպությունը կասկածվում է ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Գերմանիան իրեն պաշտպանելու ընդունակ ժողովրդավարական երկիր է: Արմատական, բռնությունների պատրաստ իսլամականները մեր հասարակության մեջ տեղ չունեն»,- ընդգծել է նա:

«Ճշմարիտ կրոն» միությունը ահաբեկիչների շարքերն է հավաքագրել մոտ 140 մարդու, հայտնել է Մեզյերը: «Ամբողջ երկրում այդ միությունը իսլամի տարածման պատրվակով եւ իբր Ղորանի թարգմանությունների անմեղ բաշխմամբ իսլամականների է հավաքել, մոտ 140 երիտասարդներ Սիրիա եւ Իրաք են մեկնել՝ միանալու ահաբեկչական խմբավորումների պայքարին»,- նշել է Մեզյերը: