Հայաստանի համար լավագույն ժամանակներն այն ժամանակներն են, երբ հակասություն եւ հակադրություն չկա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Սքայ Նյուզ Արաբիա»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, Ռուսաստանի եւ Եվրոպայի, Եվրամիության միջեւ, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, որովհետեւ մենք համարում ենք, որ շահ փնտրել հակասությունների վրա, շատ վտանգավոր է»,- ասել է նախագահը:

«Մենք մեր շահը տեսնում ենք համագործակցության մեջ եւ մշտապես ցանկանում ենք, որ այս իրավիճակը տիրապետող լինի, բայց, այնուհանդերձ, կյանքն այնպիսին է, քաղաքականությունն այնպիսին է, որ մերթ ընդ մերթ սրացումներ են լինում, եւ այս պարագայում, բնական է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչպես ասացի մենք՝ դաշնակիցներ ենք, բայց այս հանգամանքը չի խոչընդոտում կամ չի խանգարում, որպեսզի մենք ունենանք հարաբերություններ, նորմալ հարաբերություններ Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ»,- նշել է նախագահը՝ օրինակ բերելով. «Այս օրերին մենք շարունակում ենք բանակցությունները Եվրամիության հետ՝ մեր հարաբերությունների հիմք հանդիսացող նոր իրավական փաստաթուղթ ձեւավորելու շուրջ: Եվ վստահ եմ, որ տեսանելի ապագայում այդ փաստաթուղթը պատրաստ կլինի եւ մենք կստորագրենք այդ փաստաթուղթը»: