Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ քաղաքական ուժերի հետ նախնական քննարկումներ է սկսել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, մինչդեռ կարծիքներ են հնչում, որ երբեմնի կես միլիոնանոց ընտրազանգված ունեցող ուժը սպառվել է ու դուրս կմնա հաջորդ խորհրդարանից։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունն է այդպիսի մեթոդաբանության անցել ընդդեմ «Ժառանգության», քանի որ այս ուժը վերջին շրջանում շատ ակտիվ մասնակցել է երկրի ներքաղաքական իրադարձություններին, հուլիսյան պայքարին։
«Ակնհայտ է, որ «Ժառանգության» քաղաքականությունը վերջին տարիներին եղել է միասնաբար խնդիրները լուծելու ուղին եւ այս պահին եւս մենք կարծում ենք, որ երկրում առկա խնդիրները պետք է միասնական ջանքերով լուծվեն, այն է խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ապրիլյան ընտրություններից առաջ «Ժառանգության» համագումարն է սպասվում, որի ժամանակ իրենց քայլերի մասին ավելի հստակ եւ վերջնական հայտարարություն կանեն։
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին մասնակցելու անհրաժեշտ ռեսուրսների առկայությանը, նախկին պատգամավորը հիշեցրեց, որ իրենց տարածքային գրասենյակները տեղում են եւ գործում են։
«Ի՞նչ է նշանակում «Ժառանգություն» չկա․․․ կուսակցությունը ուժեղ է իր կառույցներով, մեր կառույցները բոլորը գործում են, բոլոր պրոցեսներին էլ այս տարիներին ծավալված մենք մասնակցել ենք, ինչպե՞ս կարող է «ժառանգությունը» չլինել, դա ուղղակի խայծ է, որ նետվում է։ Բայց այն, որ «Ժառանգությունը» միայնակ մասնակցելու դեպքում էլ նվազագույն շեմը կհաղթահարի եւ կմտնի խորհրդարան, դա քննարկման ենթակա չէ»։
Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» խորհրդարան անցավ մի ցուցակով, որ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանն էին ժառանգական։ Ընդ որում Ռուբիկ Հակոբյանը հետո լքեց կուսակցությունը։
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենց համար հստակ է՝ որ կուսակցությունների հետ դաշինք չեն կազմի, բայց անուններ դեռ չի հայտնում։




























