Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ավագանու ընդդիմադիր դաշինքի անդամների հետ ակտիվ հանդիպումներ է ունենում եւ փորձում նրանց համոզել, որ ավագանու նիստը չբոյկոտեն։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մամիկոն Ասլանյանը՝ հպարտանալով, որ խռով չեն ընդդիմության հետ, կապեր-բաներ ունեն։  

«Նենց չի որ մենք կապեր, շփումներ չունենք, ձեզ թվում ա, թե մենք խռո՞վ ենք։ Հանդիպել եմ, առաջարկություններ եմ արել, որ գան կառուցողական դաշտ, մեկը մեկից ամաչում են երեւի, ինչ  են անում, չգիտեմ, կգան էլի»,-ասաց քաղաքապետը,  որին ընտրվելուց հետո արդեն երկու անգամ չի հաջողվում գումարել ավագանու նիստ։  Չնայած նիստերը ձախողվելուն՝ Ասլանյանը չի շտապում բնականոն աշխատանքի հարցում։ 

«Դուք ինչի՞ եք շտապում, մենք չենք շտապում, մեր ամենօրյա գործով ենք զբաղված, երբ որ կլինի՝ կլինի»։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»  կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված քաղաքապետ չէ եւ այս հարցի լուծումը նրա հրաժարականն է։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ բոյկոտըշարունակվելու է այնքան ժամանակ մինչեւ բացահայտվի՝ ովքեր են դավաճանել ԲՀԿ, ԼՀ եւ ՀՎ դաշինքի համաձայնագիրը եւ քվեարկել հակառակորդի օգտին, ինչի շնորհիվ Մամիկոն Ասլանյանը ընտրվեց քաղաքապետ։ Մինչդեռ ՀՀԿ-ն ուներ 15 մանդատ, իսկ ընդդիմադիր դաշինքը՝ 18։  

Իր հրաժարականի պահանջի մասին լսելով՝ Ասլանյանն արձագանքեց․ «Իյա՜, էդ ե՞րբ ա ասել, մենք էլ ենք մեր զրույցներում շատ բան ասում, հետո՞, էդ ո՞ր հաղթող թեկնածուն ա հաղթում ու գալիս հրաժարական տալիս, սպորտային հետաքրքրությո՞ւն էր՝ ընտրվեցինք, հետո հրաժարական տանք։ Բա էս քաղաքն ո՞վ պիտի առաջ տանի, քաղաքի զարգացմամբ զբաղվի։ Ուրիշ բան ու գործ չունենք, օրը մեջ ընտրություն ենք անելո՞ւ, ընտրությունը քաղաքը կառավարելու համար է։ Այսօր ավագանին ունի ֆունկցիա քաղաքապետի հետ ծրագրերը մշակելու, որ բոլորը իրենց ֆունկցիոնալ պարտականությունները կատարեն, քաղաքը կընկնի բնականոն զարգացման մեջ»։

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ վանաձորցիները ի վերջո կպահանջեն, որ  ավագանին նիստեր գումարի եւ իրենց քաղաքի խնդիրները լուծի։ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք՝  կարո՞ղ է այդ պահանջը արտահայտվի բողոքի, հանրահավաքի միջոցով, ասաց․ «Ո՞վ է ասել, անեկդոտ են պատմո՞ւմ, թե իրոք, լուրջ բան են ասել։ Դուք տեսե՞լ եք՝ ՀՀԿ-ին ցույց անելուց․․․ մարդկանց վառ երազները իրականության հետ եզրեր չունեն»։