Եթե Վանաձորի ավագանին կարողանա քվորում ապահովի ու նիստ գումարի, ապա ընդդիամդիրների դաշինքը կդադարեցնի բոյկոտը եւ կմասնակցի նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը։
«Բոյկոտելու իմաստն էլ հենց դա է, եթե «Հանրապետական» կուսակցությունն ունի մեծամասնություն, ապա նիստ կգումարի, հիմա եթե կկարողանա նիստ գումարել, ուրեմն ունի մեծամասնաություն, իսկ եթե չեն կարողանում, ուրեմն չունեն քաղաքապետ։ Մեր հարցադրումը սա է եղել։ Մենք հայտարարել ենք՝ դուք ապահովեք քվորում, մենք կգանք կմասնակցենք»,-ասել է Քրիստ Մարուքյանը։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիրները իրենց թշնամիները չեն եւ նրանց հետ հանդիպումներ են ունենում ու քննարկում նիստերը շարունակելու հարցը։
Քրիստ Մարուքյանն ասաց՝ իրենց հետ որեւէ հանդիպում չի եղել։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն մեղադրանքներին, որ ընդդիմադիրները նիստերը բոյկոտելով՝ տապալում են վանաձորցիների ընտրությունը, մինչդեռ պետք է աշխատեին նրանց բարօրության օգտին, Մարուքյանն ասաց․ «Չի կարող ձախողվել, քանի որ մենք հանդիպումների եւ քննարկումների մեջ ենք ավագանու նիստից դուրս։ Մեր գործունեությունը, որպես ավագանու անդամներ, թե գրավոր, թե համայնքային հիմնարկներ այցելության տեսքով, ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նրան, որ Վանաձորում բյուջե չի ընդունվում, բյուջեի նախագիծ անգամ գոյություն չունի այս պահին, որն ընդգրկվի օրակարգ որպես քննարկման ենթակա հարց»։
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ինչ ընտրվել է քաղաքապետ, չի կարողանում նիստեր գումարել՝ քվորում չունենալու պատճառով։ «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշել է բոյկոտել նիստերն այնքան ժամանակ, մինչեւ բացահայտվի իրենց շարքերից ովքեր են քվեարկել հակառակորդի օգտին՝ նպաստելով Մամիկոն Ասլանյանի հաղթանակին։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ուներ 15 մանդատ, իսկ երեք ուժերի դաշինքը 18, սակայն ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն 19 ձայնով։




























