Վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեն կարող լինել ՀՀԿ շարքային անդամներ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, թե ԳՄ-ն այս կազմով վերջին նիստն է գումարել, քննարկել են վաղը կայանալիք համագումարի հարցերը։ «Կուսակցության նախագահը ԳՄ ներկայացուցիչներին ներկայացրել է իր դիրքորոշումը, քննարկել ենք ծրագրային եւ կանոնադրական փոփոխությունները։ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով, անդրադարձ է լինելու կուսակցաշինության աշխատանքներին, հասարակության եւ գործընկերների հետ ավելի բաց աշխատալեւ անհրաժեշտությանը»,- ասել է Շարմազանովը։

Խոսելով վարչապետի եւ Պնախարարի անդամակցության մասին՝ Շարմազանովն ասել է, թե նրանք չեն կարող լինել շարքային անդամներ։ «Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո եւ դրան զուգահեռ 7 հազար քաղաքացիներ անդամակցել են Հանրապետական կուսակցությանը»:

ՀՀԿ խոսնակն ընդգծել է, թե Գործադիր մարմնում կլինեն փոփոխություններ, ԳՄ-ն չի ունենա այս տեսքը, բայց Շարմազանովը չակերտները չբացեց։ «Սյուրպրիզներ չեն լինելու, ԳՄ-ն կհամալրվի եւ նոր՝ շատ լուրջ դերակատարում ունեցող կուսակիցներով»- ասաց Շարմազանովը՝ միայն ընդգծելով, որ կուզենան, որ ԳՄ-ում ընդգրկված լինեն վարչապետն ու Պնախարարը։

Հարցին, թե ինչու հին հանրապետականների փոխարեն ընդամենը մեկ օրվա հանրապետականների են ընդգրկում ԳՄ-ում, Շարմազանովը հիշեց ֆուտբոլիստներին, նշեց, թե ռոնալդուն Մադրիդի «Ռեալ» գնացել էր ոչ թե պահեստայինների նստարանին նստելու, այլ հարձակվողի դիրքում խաղալու։

Շարմազանովը նաեւ նշել է, թե ՀՀԿ նախագահի մեկ թեկնածու կա՝ Սերժ Սարգսյանը, եւ վստահ է, որ հենց նա էլ ընտրվելու է։