ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, այսօր՝ նոյեմբերի 29-ին, կայացել է քննարկում-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Քննարկման առանցքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար կոշտ կենցաղային թափոնների տեղադրման բնապահպանական դրույքաչափերի սահմանման եւ դրանց կառավարման խնդիրներն էին:
Անդրադարձ է եղել կենցաղային թափոնների տեսակավորման կարգավորման անհրաժեշտությանը, քննարկվել են աղբահանության անվտանգ եւ արդյունավետ կազմակերպման, այս համատեքստում` պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հարցեր: Քննարկման արդյունքում կարեւորվել է խնդրի կարգավորման գործում օրենսդրական փոփոխությունների եւ միջազգային փորձի ուսումնասիրման եւ արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:





























