Հայ-թուրքական գործընթացը դեռեւս չի վերջացել. այն շարունակվելու տեղ ունի, սակայն քիչ հավանական է, որ մոտակա ամիսներին այս առումով որեւէ զարգացում լինի։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, քաղքագետ Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից Հայաստանը դուրս եկավ իր ստանձնած պարտավորությունները կատարողի դերակատարությամբ, մինչդեռ Թուրքիան ոչ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց։
Ասուլիսի ընթացքում քաղաքագետը անդրադարձ կատարեց նաեւ ԱՄՆ-Իրան պատերազմի հավանականությանը՝ նկատելով. «Հայաստանի համար ամենավտանգավորը միջուկային պատերազմն է։ Սա մեզ վրա շատ ծանր կնստի, մանավանդ որ Իրանի միջուկային կայաններից մի քանիսը տեղակայված են հենց Հայաստանի հետ սահմանին։ Սակայն ԱՄՆ-ն այս պահին չունի այն ռեսուրսները, որոնք կբավականացնեն Իրանի դեմ պատերազմ սկսելուն։ Ամերիկյան պլաններում Իրանի դեմ պատերազմ նախատեսված չէ: Այնպես որ, մոտ ապագայում ռազմական գործողությունների չարժե սպասել»,- ամփոփեց Հարությունյանը։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Բուշերի ատոմականը լիցքավորվել է միջուկային վառելիքով։




























