Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարված 17-ամյա Տիգրան Գեւորգյանի շահերի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան:  Փաստաբան Կարեն Թումանյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել՝ Տիգրանին դանակահարած եւ  3 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Ադամյանի պատիժը խստացնելու պահանջով, որը մերժվել էր: Տուժողի շահերի պաշտպանը Վճռաբեկ դատարանից պահանջում է խստացնել ամբաստանյալի պատիժը:

Նշենք, որ Վերաքննիչը մերժել էր նաեւ Նարեկ Ադամյանի փաստաբանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանելու եւ Նարեկին արդարացնելու պահանջով բողոքը:

Նարեկի համար մեղադրողը  4 տարի եւ 6 ամիս ազատազրկում է պահանջել, իսկ, Նարեկն իր վերջին խոսքում նշել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն  մեղավոր է ճանաչում:

Նշենք, որ Տիգրան Գեւորգյանի հարազատները Տիգրանի  դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի հարազատներից նաեւ  պահանջում են 10 միլիոն դրամ` որպես Տիգրանի բուժման ծախսերի փոխհատուցում, սակայն պաշտպանական կողմը հրաժարվել է բուժման ծախսերի փոխհատուցումից` հիմնավորելով, որ հնարավորություն չունեն:

Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։  Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:

Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:

Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: