2017-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակը սրբագրվելու է միայն Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը:
«Եթե նա վերադառնա կուսակցության նախագահի ֆորմատով, դա իր խնդիրը կլինի, մենք բոլորս սպասում ենք Ծառուկյանը գա, որ տեսնենք` ինչպես է լինելու: Պարոն Ծառուկյանը գիտի` Մախսուդյանը կմնա՞, թե ոչ»,-ասաց պատգամավորը:
Հարցին` ԲՀԿ-ում ավագ սերնդին հրաժեշտ տալու անհրաժեշտություն զգացվո՞ւմ է, պատասխանեց. «Դե մենք մեր պատգամավորական ճակատագիրը չենք հաշվում, մենք էստեղ եկել ենք դեմ կամ կողմ ենք քվեարկել, բայց մեր քվեարկածը ոչ մի նշանակություն չի ունեցել: Այսքան ժամանակ երկու օրինագիծ, որ չենք քվեարկել չի անցել: Մեր քվեարկությունը ի՞նչ նշանակություն ունի, ինչ ուզում ես խոսա, ՀՀԿ-ն կքվեարկի ու անցավ նախագիծը, սա է կարգը»:
Պատգամավորը դժվարացավ ասել` Ծառուկյանի վերադարձից հետո արդյոք ցուցակում տեղ կգտնեն նրանք, որոնք նրա քաղաքականությունից դուրս գալուց հետո անմիջապես լքեցին կուսակցությունը, սակայն կարծում է, որ պետք է թույլ չտա, որ վերադառնան:
«Ճիշտ կլինի, որ թույլ չտա, եթե մի գիծ ես բռնել, կուսակցության հետ քայլում ես ու հետո գնում ես, ուրեմն դու կուսակցության հետ ձեւականորեն էիր քայլում, հիմա եթե մենք չմնայինք, կմնա՞ր ԲՀԿ-ն, չէր մնա, բայց մենք պահեցինք պահպանեցինք, ընտրություններին մասնակցեցինք ու մենք 200 հազար ձայն ունեցանք»:





























