Դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել Վանաձորի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանության աշխատակիցները տարբեր, մտացածին պատճառաբանություններով իրենց  կանչել են, շատ դեպքերում նաեւ բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ հորդորելով չգնալ եւ չմասնակցել Երեւանում Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին: «Ահազանգող եւ ոստիկանություն կանչված քաղաքացիներն,  ամենայն հավանականությամբ, ընդգրկված են ոստիկանության հատուկ ցուցակներում եւ «գրանցված են» որպես տարբեր բողոքի ցույցերի եւ հավաքների ակտիվ մասնակիցներ:

Ոստիկանությունը Մարդու իրավունքների միջազգային օրը իր ապօրինի գործողություններով խախտում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, հավաքների երթերի եւ ցույցերի մասնակցելու, խոսքի ազատության իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է ոստիկանության նմանօրինակ գործելաոճը եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքացիների իրավունքների նկատմամբ անհարկի միջամտությունը, պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ ՀՔԾ-ից հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության ենթարկել քաղաքացիների իրավունքները խախտած ոստիկանության աշխատակիցներին:

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում այն անձանց, ովքեր կանչվել կամ բերման են ենթարկվել ոստիկանություն, հանդես գալ հանցագործության մասին հաղորդումներով»,- ասվում է հայտարարության մեջ: