Հայաստանում ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատվելու դիմումները մերժելն արդեն դառնում է քաղաքականություն, ոչ թե օրինաչափություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը։
Փաստաբանի խոսքով ՝ Հայաստանում կա մոտ 100 ցմահ բանտարկյալ, որից 20-ը հատել է 20 տարվա ազատազրկման շեմը, եւ իրավունք ունեն դիմելու վաղաժամկետ արձակման համար, սակայն մինչեւ հիմա դիմումներից ոչ մեկը չի բավարարվել։
«Այս տարիների ընթացքում միայն մեկ ցմահ բանտարկյալ է ազատ արձակվել, այն էլ՝ ծանր հիվանդության հիմքով, նա ընդամենը մեկ շաբաթ ազատության մեջ մնաց, իսկ հետո մահացավ»,– ասաց նա՝ հիշելով Սողոմոն Քոչարյանի դեպքը։
Նրա խոսքով՝ Հայաստանում դեռ չի ձեւավորվել ցմահ ազատազրկվածներին վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, մինչդեռ ցմահ բանտակրյալների քանակը մեր երկրի համար չափազանց մեծ է. «Սլովենիայի նման երկիրը, որը ունի 2 միլիոն բնակչություն, ունի մոտ 20 բանտարկյալ։ ԱՄՆ- ում հաշվարկվում է մի քանի հարյուր բանտարկյալ, սակայն ԱՄՆ-ի դեպքում հարցը մի փոքր բարդ է, քանի որ այնտեղ գործում է մահապատժի ինստիտուտը»։
Ռեւազյանը կարեւորեց նաեւ պատիժը կրելու վայրում բանտարկյալներին դաստիարակելը, նրանց մուտքը հասարակություն նախապատրաստելը, որպեսզի նա ազատ արձակվելուց հետո չկրկնի հանցանքը։
«Հանցագործություն իրականացրած անձանցից շատերն ունեցել են ծանր մանկություն, չեն ունեցել ծնողներ, ապրել են արատավոր ընտանիքներում եւ վերջապես ունեցել են ծանր սոցիալական պայմաններ»,- ասաց Ռոբերտ Ռեվազյանը՝ նշելով, որ հաճախ այս գործոններն են նրանց դրդում հանցագործության, եւ հենց այս խնդիրներն է պետք առաջինը լուծել առողջ հասարակություն ունենալու համար։
ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն ավելի խիստ է Ադրբեջանի նկատմամբ. քաղաքագետ
Կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է նույն աստիճանի, ինչ կար ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո...
Համբուրգում ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների տարածած հայտարարությունը, ի տարբերություն նախորդ նմանատիպ հայտարարությունների, Ադրբեջանի նկատմամբ ավելի կոնկրետ եւ խիստ է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների ընդունած հայտարարությունը թեեւ ուղղակիորեն խիստ չէ Ադրբեջանի հանդեպ, բայց ձեւակերպումներով եւ բովանդակությամբ դատապարտում է Ադրբեջանին:
«Հասցեատերը ուղղակի չի նշվում, բայց կարելի է եզրակացնել՝ ելնելով շեշտադրումներից. ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելության ընդլայնման եւ շփման գծում վստահության մեխանիզմների ձգձգման հետ կապված խնդիրները բացառապես կապված են Ադրբեջանի հետ»,- ասաց քաղաքագետը:
Սերգեյ Մինասյանը հավելեց, որ չնայած այս առաջընթացին` ամեն դեպքում, բանակցային գործընթացը կոնկրետ հարց չլուծեց, եւ դրա հետ կապված սպասելիքները չարդարացան, ինչը նշանակում է, որ լարվածությունը շփման գծում կպահպանվի։
«Կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է նույն աստիճանի, ինչ կար ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո, որը, ցավոք, չի բացառում հերթական ցածր մակարդակի էսկալացիայի հավանականությունը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն դեկտեմբերի 8-ին հայտարարություն են ընդունել: Նրանք Երեւանին եւ Բաքվին կոչ են արել հարգել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համատեղ հայտարարություններում արտացոլված համաձայնությունները:
«Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:





























