Երեւանում տղամարդը դաժան ծեծի է ենթարկել իր հարեւանի շանը, այնուհետեւ դիմել ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծեծի ենթարկված շան տերը՝ տիկին Սուսաննան՝ նշելով, որ իր շանը ծեծի ենթարկած հարեւանը՝ Գագիկ Մինասյանը, պատճառաբանել է, թե շունը կծել է իր երեխային եւ պահանջում է, որպեսզի տիկին Սուսաննան իր տանը եւ բակում շուն չպահի:

«Մենք սեփական տանն ենք ապրում, մեծ բակ ունենք, դրա համար էլ կենդանիներ եմ պահում: Էդ մեր հարեւանը փայտերով, մահակով հարձակվել է անմեղ շան վրա, հարվածներ հասցրել գլխին, մարմնին: Էդ պահին իմ շունը ոսկոր ուտելիս է եղել, եթե մի քիչ ուշ հասնեինք՝ կսատկեցներ խեղճ շանը: Ասում ենք՝ ինչո՞ւ ես ծեծել, ասում է՝ կծել է տղայիս: Բայց խաբում է, իր երեխայի մարմնի վրա ոչինչ չի հայտնաբերվել, ասել եմ՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկեք, տեսնենք շունը կպել է, թե ոչ էդ տղային: Խնդիրն այստեղ շուն ծեծելը չէ, խնդիրն այն է, որ էդ մարդը նույն կերպով վաղը կարող է հարձակվել մարդկանց վրա, մեզ վրա, որովհետեւ արանից առաջ էլ իմ կատվի վրա էր հարձակվել»,-ասաց նա:

Տիկին Սուսաննան նշեց, որ հարեւանն իր շանը դաժանորեն ծեծելուց հետո անմիջապես դիմել է ոստիկանություն. «Մինչեւ ես կդիմեի՝ ինքն արդեն դիմել էր: Հիմա մեզ հարցաքննության են կանչել: Ես այս խնդիրն ընդամենը բարձրաձայնում եմ, որպեսզի եւ մարդկանց, եւ կենդանիների նկատմամբ բռնության դեպքերը բացառվեն: Իմ շունը գլխին ստացած հարվածների պատճառով ընդամենը 5 ամսականում կորցրել է տեսողությունը, ես պահանջում եմ պատժել այդ մարդուն...»: