Դեկտեմբերի 9-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործը հիմնված է ՎՊ զեկույցի հ վրա, որտեղ առանձնացված են խնդրահարույց երեք հիմնական հարցեր. առաջինը ՁԻՀ-ին պատկանող Sourcio ընկերության բաժնեմասի՝ 20% հավելավճարով վաճառքն է, երկրորդը՝ Հիմնադրամի աշխատակիցներին հատուկ ֆոնդից փոխառությունների տրամադրումը եւ երրորդը վերաբերվում է Գյումրիի տեխնոպարկի գործունեությանը: Այս մասին ասել է ՁԻՀ–ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Հիմնադրամը, բոլոր ներդրումային ռիսկերն իր վրա վերցնելով, բաժնեմասային ներդրում կատարեց՝ ձեռք բերելով Sourcio ընկերության 50% բաժնեմասը՝ Համաշխարհային Բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Մեր նպատակն էր ցույց տալ, որ դրամաշնորհների միջոցով Հայաստանում կարելի է ստեղծել հաջողակ ՏՏ ընկերություն: Արդյունքում, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել ոլորտի լավագույն ընկերություններից մեկը, այլեւ վերադարձնել ներդրված գումարը 20% հավելավճարով: Հարցի այդ կողմը չգիտես ինչու չի քննարկվում ՎՊ–ի կողմից, փոխարենը կասկածի տակ է դրվում հավելավճարի չափը»,- ասել է ՁԻՀ–ի տնօրենը:
Անդրադառնալով ՁԻՀ–ի աշխատակիցներին փոխառությունների տրամադրման հարցին՝ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ տարիների աշխատանքի ընթացքում Հիմնադրամը ստեղծել է իր սեփական ֆոնդը, որը փոխառություններ է տրամադրում իր աշխատակիցներին՝ սոցիալական հարցերի լուծման նպատակով: Ինչպես հավաստել է ՁԻՀ–ի տնօրենը, այդ բոլոր գումարներն ամբողջությամբ հետ են վերադարձվում:
«Ինքս օգտվել եմ այդ փոխառությունից առողջական խնդիրները լուծելու նպատակով, իսկ գումարը վաղուց վերադարձվել է ֆոնդ»,- նշել է նա:
Բագրատ Ենգիբարյանը անդրադարձել է նաեւ Գյումրու Տեխնոպարկի գործունեությանը առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ իրենց մեղադրում են ինկուբացիոն փուլում գտնվող ընկերություններին անվճար տարածք հատկացնելու մեջ: Նրա խոսքով՝ դրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ տեխնոպարկը բիզնես կենտրոն չէ՝, որպեսզի տարածքի դիմաց գումար գանձի. դա քաղաքում բիզնեսի ստեղծման համար բարենպաստ պայմաններ տրամադրելու քաղաքականություն է:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով ՁԻՀ-ի գործունեությունը, հայտարարել էր, որ օրենքի խախտումներ են հայտնաբերվել, եւ հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքներում առկա են խնդրահարույց կետեր:





























