ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների դարերից բխող բարեկամական հարաբերությունների վրա խարսխված միջպետական հարաբերությունները համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու, փոխգործակցությունն առավել ամրապնդելու ամուր հիմք են հանդիսանում:

Յուրի Խաչատուրովն ու Սանգվան Յոգեշվարն համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն լայն հնարավորություններ եւ չօգտագործված ներուժ՝ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկա­րային մի շարք բնագավառներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող  հարցերի: