Եթե պատգամավորը դուրս է եկել խորհրդարանական խմբակցությունից կամ նրան հանել են, չի կարելի պահանջել, որ նա վերադարձնի պատգամավորական մանդատը։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում ասել է ՀՀԿ պատգամավոր, Պետաիրավական հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Հովհանես Սահակյանը, ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների անելու նախագիծը՝  պայմանավորված 2015-ի դեկտեմբերին կատարված սահմանադրական փոփոխություններով։

Սահմանադրությունը չի նախատեսում, որ այդ պատգամավորին զրկեն մանդատից։ Հետեւաբար այլ օրենքում չի կարող նման բան ամրագրվել, հավելել է Սահակյանը։

Մյուս կողմից էլ պետք է գործեն պատգամավորական էթիկայի նորմեր՝ եթե պատգամավորը դուրս է եկել կուսակցությունից, նա չի կարող ներկայացնել այդ կուսակցության խմբակցությունը որեւէ խորհրդարանական պաշտոնում (հանձնաժողովի կամ միջխորհրդարանական խմբի նախագահ)։

«Օրինակ Բարգավաճ Հայաաստանում շատերը կուսակցությունից դուրս են եկել, բայց խմբակցությունում մնում են։ Ընդ որում նաեւ որպես հանձնաժողովների նախագահներ։ Ի՞նչ պետք է նախատեսի օրենքը նման դեպքերի համար։ Պետք է քննարկել։ Բայց պարզ է մի բան՝ Սահմանադրությունը իրավունք չի տալիս դրա համար մանդատից զրկել»,- հայտնել է Սահակյանը։