ՀՀԿ-ն որեւէ ուժի հետ դաշինք չի կազմի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա հայտնել է, թե ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական այցեր, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արցախ այցի արդյունքները։
Շարմազանովը նշել է, թե ՀՀԿ խորհուրդը նիստ է գումարելու մինչեւ տարեվերջ, եւ այդ նիստում էլ կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահին։ «Առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը Կարեն Կարապետյանն է, ավելացնելու բան չունեմ»,- ասել է Շարմազանովը։
ՀԿ խոսնակը նշել է, թե դաշինքներ կազմելու հարց չի քննարկվել, ՀՀԿ-ն ընտրություններին գնալու է մենակ, թեպետ ցանկում կլինեն իրենց հետ տարիներ շարունակ համագործացած անձինք։
Շարմազանովն անդրադարձել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրին։ «Այդ ուժերը մի ամիս առաջ Վանաձորում իրար ընդդիմադիր էին: Հիմա, այսօր նույն դաշինքում են, մենք միայն գաղափարական, քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում ենք՝ դեռ նոր դաշինքներ, նոր ֆորմատներ կձեւավորվեն քաղաքական դաշտում եւ առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:





























