Հայկական զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր է, առաջնագծում ահռելի աշխատանք է կատարվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ դասերն արդեն քաղվել են:

ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Համբուրգում արած հայտարարությանը, նշել, թե դա մեր երազանքների հայտարարությունը չէ։ «Բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմին այն բավարարում է, որովհետեւ դրանում զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: Դա եւ՛ հղումն է 1994-95 թվականների զինադադարի պահպանմանը, եւ՛ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, եւ՛ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի գագաթաժողովների պայմանավորվածությունների իրականացմանը, ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների դատապարտմանը»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, թե իդեալական կլիներ, թե նշվեր կոնկրետ հասցեատեր՝ Ադրբեջանը։