«Չենք կարողանում հասկանալ այն առարկությունները, որոնք առաջ եկան մեր՝ հայ-թուրքական սահմանն անցնելուց հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեց «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը։
«Մեր անցած տեղում գետի խորությունը հազիվ 50 սմ էր։ Դա Անիի պատմական եռահարկ կամուրջից 150 մ հյուսիս ընկած հատվածն է։ Գետի այդ հատվածը նեղ է եւ ծանծաղ։ Մեզ սուտ հանելու փոխարեն կարելի է ավելի լուրջ թեմաներ քննարկել։ Կարող ենք թեկուզ հաջորդ շաբաթ գնալ եւ գետի այդ մասում չափագրումներ անել։ Սահմանը վատ մտադրությամբ չենք անցել։ Սա մենք չենք դիտարկում իբրեւ ապօրինի քայլ։ Սա ընդամենը հայ-թուրքական սահմանը բացելուն ուղղված կոչ է։ Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների դիրքորոշմանը, ապա նրանք սխալ արտահայտություններ են արել։ Համոզված եմ, որ նրանք շատ լավ էլ գիտեն, որ մենք անցել ենք սահմանը»,- ընդգծեց Բեքլեւիչը՝ ավելացնելով, որ իրենց այս արարքի համար Թուրքիայում իրենք քննադատական վերաբերմունքի են արժանացել։ «Բայց ինչ-որ մեկն ի վերջո պետք է զբաղվի այս հարցով։ Մենք վճռական ենք հայ-թուրքական սահմանի բացման հարցում եւ վստահ ենք, որ 2011-ին սահմանը բացվելու է։ Կարսում մեր կողմից կազմակերպված հանրաքվեի արդյունքում, համոզված եմ, 90 տոկոսը կողմ է արտահայտվելու սահմանի բացմանը։ Մենք գիտենք, որ այս հարցի շուրջ թուրք հասարակությունը դրական վերաբերմունք ունի։ Երկու կողմերից էլ հակազդողներն ավելի փոքր թիվ են կազմում, սակայն քանի որ ավելի շատ են աղմկում, տպավորություն է ստեղծվում, որ դեմ հանդես եկողները շատ են։ Բայց ես ասում եմ, որ 2011-ը մեր՝ քիչ աղմկողներիս եւ հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ մարդկանցն է լինելու»,- ամփոփեց Բեոքլեւիչը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Ռուս սահմանապահները հերքել էին սահմանը հատելու փաստը:





























