ՀՀԿ-ն չի ոչնչացրել երկրի երկրորդ քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Անդրադառնալով հարցին, որ ՀՅԴ ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին վերջնաժամկետ են ներկայացրել, որ նա համոզի Գագիկ Ծառուկյանին հրաժարվել քաղաքականություն վերադառնալու մտքից, պատգամավորն ասաց. «Վերջին 1-2 ամսում մի քաղաքական թեւը կոչ է անում, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, մյուսները կոչ են անում չվերադառալ: Ես կարծում եմ, որ կոչերը ոչնչի չեն հանգեցնի. կուզի՝ կվերադառնա, չի ուզի՝ չի վերադառնա: Այսինքն՝ Ծառուկյանի վերադարձը կախված չէ կոչերից: Պետք չէ շտապեցնել քաղաքական գործընթացները: Երբ մարդը կոնկրետ հայտարարի, որ վերադառնում է քաղաքական դաշտ, ղեկավարելու է այս կամ այն քաղաքական ուժը, այդ ժամանակ էլ կարելի է խոսել այդ մասին»:
Դիտարկմանը, թե փորձագետների կարծիքով ՀՀԿ-ն չպետք է ոչնչացներ երկրի երկրորդ քաղաքական ուժին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն չի ոչնչացրել երկրի երկրորդ քաղաքական ուժին, այն ինքն է մասնատվել: Պատահական չէ, որ խորհրդարանի վերջին նիստում հենց ԲՀԿ-ն ինքը հայտնեց, որ ժամանակին ժողովուրդը ձայնը տվել էր Գագիկ Ծառուկյանին: Նա լքել է կուսակցության շարքերը, եւ նրանց կուսակցությունը մասնատվեց եւ գնաց տարբեր ուղղություններով»:





























