Հարավային Կորեայում մեկնարկել է Ցոյ Սուն Սիլի դեմ դատավարությունը, որի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալը հանգեցրել է երկրի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատական առաջին նիստը կհեռարձակվի հարավակորեական հեռուստատեսության ուղիղ եթերում: YTN-ը դատավարությունը «պատմական» է անվանել:

Չնայած Ցոյ Սուն Սիլը պետական ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, նրան մեղադրում են Փակ Կըն Հեի հետ մտերիմ կապը չարաշահելու մեջ՝ սեփական հարստացման նպատակով պետական գործերին միջամտելու համար:

Նման գործողությունների թողտվության համար Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին հայտարարել է Փակ Կըն Հեի իմփիչմենթի մասին, նրա լիազորությունները ժամանակավորապես անցել են վարչապետ Հվան Գյո Անուին, իսկ նրա հետագա ճակատագիրը պետք է որոշի Սահմանադրական դատարանը:

Նախնական դատաքննությունն անցկացվում է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանում, որտեղ Ցոյ Սուն Սիլն առաջին անգամ հանրությանը երեւացել է դատախազություն հարցաքննության կանչվելուց եւ հոկտեմբերին ձերբակալվելուց հետո: Նրա եւ նախագահի երկու նախկին քարտուղարների դեմ մեղադրանքներն առաջադրվել են անցյալ ամիս: